ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայաստանը եւ Բելառուսը կհամագործակցեն գիտության ոլորտում

23.03.2010

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մարտի 18-ին Մինսկում մասնակցեց ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի մշակման աշխատանքային խմբի հերթական նիստին: Երկօրյա նիստի ժամանակ պարոն Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության առաջարկները՝ ԱՊՀ շրջանակներում ինովացիոն համագործակցության շուրջ:

 

Այցի ընթացքում պարոն Հարությունյանը հանդիպել է նաեւ Բելառուսի Հանրապետության գիտության եւ տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ի. Վ. Վոյտովի հետ: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ  2000 թ. հոկտեմբերի 31-ին ստորագրված «Գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը եւ ելնելով երկու երկրների գիտության զարգացման շահերից՝ մարտի 19-ին ստորագրվեց «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Բելառուսի Հանրապետության գիտության եւ տեխնոլոգիաների պետական կոմիտեի միջեւ համագործակցության մասին» համաձայնագիր:

 

Համաձայնագրի նպատակն է աջակցել  երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ գիտական հետազոտությունների անցկացմանը: Համաձայնագրով կողմերը նախատեսում են անցկացնել մրցույթներ՝ Հայաստանի եւ Բելառուսի գիտնականների խմբերի համատեղ իրականացվող նախաձեռնողական գիտահետազոտական նախագծերի եւ գիտական միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին