Եղևնիներ՝ ի նշան հայ-գերմանական համագործակցության ամրապնդման
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և «ԴԵՍԻ» արագացուցչային կենտրոնի կողմից հուլիսի 4-7-ը կազմակերպվել էր «Գերարագ փնջեր և կիրառություններ» խորագրով միջազգային գիտաժողով:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քեսլերը, կոմիտեի, ինստիտուտի և ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Իր ելույթում հայ-գերմանական գիտական համագործակցությանը և դրա հեռանկարներին բարձր գնահատական տվեցին թե՛ կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, թե՛ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քեսլերը:
Գիտաժողովի շրջանակներում քննարկվեցին բնագավառի ներկա վիճակը, հեռանկարները, ինչպես նաև կիրառությունները նյութագիտության և կյանքի մասին գիտություններում:
Գիտաժողովի ընթացքում Գիտության պետական կոմիտեի կողմից Համբուրգի համալսարանի պատվավոր պրոֆ. Յորգ Ռոսբախին հանդիսավոր կերպով շնորհվեց Կոմիտեի ոսկե մեդալ՝ Հայաստանում արագացուցչային ֆիզիկայի և տեխնոլոգիայի հաստատման և զարգացման, երկրի գիտական ներուժի պահպանման, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար:
Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին «ԱՐԵԱԼ» արագացուցչային համալիրում, ծանոթացան «ԴԵՍԻ» կենտրոնի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի միջև կնքված պայմանագրի շրջանակներում տրամադրված տերահերցային տիրույթի օնդուլյատորին, ինչպես նաև՝ ինստիտուտում գործող լաբորատորիաներին, որից հետո պրոֆ. Յ. Ռոսբախը և կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եղևնիներ տնկեցին՝ ի նշան հայ-գերմանական համագործակցության ամրապնդման: