ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մինսկում քննարկվել են ինովացիոն համագործակցության հարցեր

11.03.2019

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հրավերով 2019 թ. մարտի 4-ից 7-ը մեկնել էր Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` մասնակցելու «Արևելյան Եվրոպայի և Կովկասի ինովացիոն, արագ զարգացող ձեռնարկությունների խթանում» խորագրով աշխատաժողովի աշխատանքներին:

Աշխատաժողովում քննարկված հիմնական թեմաներն էին գիտության և ինովացիայի  ոլորտներում ՄԱԿ ԵՏՀ մոտեցումները՝ Կովկասի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային երկրների համար, «Ենթատարածաշրջանային գիտաինովացիոն քաղաքականության ընդհանուր նկարագիրը» թեմայով ՄԱԿ ԵՏՀ նոր զեկույցի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում հայ-բելառուսական համագործակցությունը:

Աշխատաժողովի ընթացքում ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հանդես է եկել բացման խոսքով, այնուհետև` առանձին զեկույցով՝ «Ինովացիոն քաղաքականության նորագույն մոտեցումները և ինովացիոն, արագ զարգացող ձեռնարկությունները Հայաստանում» թեմայով:

Աշխատաժողովի շրջանակներում Սամվել Հարությունյանն ունեցել է մի շարք հանդիպումներ ՄԱԿ ԵՏՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև` գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտների փորձագետների և մասնագետների հետ: Այդ հանդիպումների ընթացքում առավել մանրամասնորեն են քննարկվել Հայաստանի Հանրապետությունում գիտաինովացիոն ոլորտի և տնտեսության մասնավոր հատվածի  համագործակցության զարգացման ուղիներն ու հեռանկարները:

Մինսկ այցի շրջանակներում Սամվել Հարությունյանն այցելել է նաև ԲՀ գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտե, որտեղ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի ոսկե մեդալներ է հանձնել ԲՀ գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ, տնտեսագիտության դոկտոր Ալեքսանդր Գենադևիչ Շումիլինին և Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի նոր նյութերի քիմիայի ինստիտուտի տնօրեն, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ենոքի Աղաբեկովին՝ միջազգային համագործակցության զարգացման գործընթացում ունեցած ավանդի և ներդրումների, մասնավորապես, հայ և բելառուս գիտնականների գիտակրթական համագործակցության, բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեում ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել է հայ-բելառուսական համագործակցության շրջանակներում իրականացվող գիտական ծրագրերի ընթացքը: Երկուստեք հաստատվել է, որ առաջիկայում ծրագրված նոր մրցույթների  համար նախատեսված ֆինանսական ծավալները չեն նվազելու: Ընդգծվել է գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում հայ-բելառուսական համագործակցության բարձր մակարդակը:

Աշխատաժողովի արդյունքում պայամանավորվածություն է ձեռք բերվել 2019 թ. ամռանը ՄԱԿ ԵՏՀ ներկայացուցիչների, ինչպես նաև փորձագետների Հայաստան այցի վերաբերյալ՝ «Ենթատարածաշրջանային գիտաինովացիոն քաղաքականության ընդհանուր նկարագիրը» խորագրով ՄԱԿ ԵՏՀ նոր զեկույցի նախապատրաստման գործընթացն սկսելու նպատակով: Նշված այցի շրջանակներում կկազմակերպվեն խորհրդատվական հանդիպումներ՝ նոր մարտահրավերների ակտիվացման ժամանակաշրջանում Հայաստանի գիտական և ինովացիոն ոլորտների զարգացումը խթանելու ուղիների մասին: ՄԱԿ ԵՏՀ նոր զեկույցը, ըստ նախնական պայմանավորվածության, լույս կտեսնի 2020 թ. ամռանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել  նաև 2020 թ. աշնանը Հայաստանում Հայաստան-Ռուսաստան-Բելառուս եռակողմ սեմինար-խորհրդակցության անցկացման մասին, որը նվիրված կլինի ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համատեղ եռակողմ համագործակցությունն ընդլայնելու և որակապես նոր, բարձր մակարդակի գործունեություն ծավալելու խնդիրներին: