Այսուհետ գիտական գործուղման համար ֆինանսական աջակցության տրամադրումն իրականցվելու է մրցութային կարգով
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի մայիսի 7-ի N 13-Ա/Ք հրամանով փոփոխվել է Գիտաշխատողներին գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգը: Փոփոխությունների նպատակը նշված կարգում առկա դրույթները բյուջետային գործընթացին ներկայացվող պահանջներին համապատասխանեցնելն է:
Նոր կարգով սահմանվում է, որ գիտաշխատողին ֆինանսական աջակցություն տրամադրվում է կազմակերպությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրին առնչվող միջազգային գիտաժողովին, գիտական կոնֆերանսին, սիմպոզիումին կամ սեմինարին, որպես կանոն, բանավոր զեկույցով հանդես գալու համար գործուղելու դեպքում`ճանապարհածախսը հոգալու նպատակով (որպես կանոն՝ տարեկան մեկ անգամ):
Կազմակերպության ղեկավարը գործուղման մեկնելու օրվանից առնվազն երեսուն օր առաջ, ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով, գրավոր պետք է դիմի Գիտության կոմիտե ՝ ներկայացնելով միջոցառման կազմակերպչի հրավերը կամ զեկույցն ընդունելու մասին ծանուցումը, գիտական գործուղման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտը և գործուղվող գիտաշխատողի գիտական արդյունավետության բնութագիրը:
Հայտերը գնահատելու համար Գիտության կոմիտեի նախագահի մայիսի 8-ի N 14-Ա/Ք հրամանով ձևավորվել է նաև գիտական ծրագրերում ընդգրկված գիտաշխատողների գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտերի գնահատումն իրականացնող հանձնաժողովի կազմը և աշխատակարգը:
Հանձնաժողովը գնահատում է սահմանված կարգով նարկայացված հայտերը և տալիս է գործուղման աջակցության նպատակահարմարության վերաբերյալ եզրակացություն:
Ըստ աշխատակարգի՝ հանձնաժողովի գործունեությունն իրականացվելու է նիստերի միջոցով: Հանձնաժողովի անդամները հայտը գնահատելու են ՝ լրացնելով գնահատման թերթիկը: Շեմային գնահատականը գնահատման սանդղակի առավելագույն միավորի 50%-ն է կազմելու, որին հավասար կամ ավելի բարձր գնահատված հայտերին տրվելու է դրական եզրակացություն: Ըստ աշխատակարգի՝ երիտասարդ (մինչև 35 տարեկան) հայտատուներին կարող է տրվել 5 միավոր (20%) խրախուսանք:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին