ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Միջպետական խորհրդի նիստում նշվել է ցեղասպանության զոհերի հիշատակը

29.04.2019

Ապրիլի 24-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած ԱՊՀ Գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի 24-րդ նիստի մեկնարկին անդամ պետությունների ներկայացուցիչները խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ալեքսանդր Շումիլինը խորհրդի նիստի ժամանակ հանդես է եկել արտահերթ ելույթով և նշել է, որ նիստը տեղի է ունենում 2019 թ. ապրիլի 24-ին, և անհրաժեշտ է հիշել, որ 104 տարի առաջ այս օրը տեղի է ունեցել ցեղասպանություն, որի փաստը ժխտելու և չընդունելու շատ երկրների քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ հետագայում՝ 20-րդ դարում տեղի են ունեցել այլ ցեղասպանություններ ևս: Ելույթում Ալեքսանդր Շումիլինը նշել է, որ հայ ժողովուրդը համաշխարհային քաղաքակրթությանը մեծ արժեքներ տված աշխարհի հնագույն ժողովուրդներից է, և դատապարտել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից հայերի նկատմամբ կազմակերպված կոտորածները:

Նիստին մասնակցող ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին և, հատկապես Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինին, հայ անմեղ զոհերի հիշատակը հարգելու և այդ օրն արժևորելու համար: