Մեկնարկել է արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia-2025» երկամյա ծրագրի հայտերի ընդունումը
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia 2025»» մրցույթ:
Մրցույթի նպատակն է արտերկրի և Սփյուռքի գիտնականների ներուժի ներգրավվածությամբ նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծումը, միջազգային համագործակցության միջոցով հայաստանյան գիտական կազմակերպությունների ներուժի զարգացումը և գիտական միջավայրի բարելավումը:
Մրցույթին կարող են մասնակցել 1984 թ. հունվարի 1-ից հետո ծնված, 2010 թ. հունվարի 1-ից հետո գիտական աստիճան ստացած արտերկրյա գիտնականները, որոնք մրցույթի հայտարարմանը նախորդող 4 տարիների ընթացքում գումարային 12 ամիս և ավելի չեն ուսումնառել կամ աշխատել ՀՀ-ում։
Հայտատուն նախագծի իրականացման ընթացքում պետք է բնակվի ՀՀ-ում որպես ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ:
Նախագծի իրականացման ընթացքում հայտատուն պետք է ունենա հայաստանյան կազմակերպության աշխատակից հանդիսացող, գիտական աստիճան ունեցող մենթոր, որը հայտատուին կաջակցի գիտական և կազմակերպչական հարցերում։
Որպես նախագծի վերջնարդյունք հայտատուն պետք է ներկայացնի ոչ պակաս, քան 2 գիտական հրապարակում առնվազն Q2 քառորդին համարժեք SJR ինդեքս (SCImago Journal Rank Indicator) ունեցող պարբերականներում, որոնցից առնվազն մեկը պետք է լինի Մենթորի համահեղինակությամբ։
Մրցույթին մասնակցելու հայտն անհրաժեշտ է ուղարկել postdoc-armenia-2025.hesc.am առցանց համակարգի միջոցով մինչև 2024 թ. նոյեմբերի 8-ը: Պահանջվող փաստաթղթերի թղթային բնօրինակների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. նոյեմբերի 15-ը: