ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի մոնիտորինգային շրջայց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան կատարած մոնիտորինգային այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Կարեն Ղարիբյանը և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ՆՄՀ (Նորարարությունների մրցակցային հիմնադրամի) դրամաշնորհային ծրագրով հիմնվող Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայի ստեղծման ընթացիկ աշխատանքներին, որոնք ծրագրի պատասխանատուների հավաստմամբ՝ ընթանում են գործողությունների պլանի համաձայն:
Միավորելով գերժամանակակից մանրադիտարկման, բջջային հաշվարկի, լրացված ու վիրտուալ իրականության առանձնահատկությունները՝ ստեղծվելիք լաբորատորիան հնարավորություն կընձեռի համակողմանիորեն պատկերավորել գլխուղեղի բջջային ճարտարագիտությունը՝ նպաստելով նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը, ինչպես նաև ուսանողների և ասպիրանտների համար նոր գիտակրթական ծրագրերի ներդրմանը:
Ծրագրի ղեկավար Կ․Ենկոյանի հավաստմամբ՝ ներկայումս արդեն իսկ մեկնարկել են «Բուժական գործ» նոր կրթական ծրագրում ներդրվելիք «Ուղեղի վիզուալիզացիա», «Նեյրոգիտության հիմունքներ» դասընթացների մշակման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ-ն համագործակցում է նաև Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ։
Նշվել է, որ լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով ծրագրի շրջանակում իրականացվել է այց Շվեյցարիայի մի քանի համալսարանների նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ:
Նշենք, որ մոնիտորինգային այցերի շրջանակում 2024 թ. հունվար ամսվա ընթացքում աշխատանքային խումբն այցելել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան և Երևանի պետական համալսարան՝ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով:
Աղբյուրը՝ «Կրթական ծրագրերի կենտրոն»