«Researcher Connect» մասնագիտական առցանց երկրորդ դասընթացին մասնակցության հրավեր

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը` ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, հրավիրում է բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներին մասնակցելու «Researcher Connect» խորագրով մասնագիտական առցանց երկրորդ դասընթացին:
«Researcher Connect» առցանց դասընթացը նպաստում է հաղորդակցության հմտությունների զարգացմանը միջազգային, բազմամշակութային ակադեմիական համատեքստում: Դասընթացի նպատակն է բարձրացնել անհատ հետազոտողների արդյունավետությունը՝ ապահովելով համալսարաններին, ինչպես նաև գիտահետազոտական կազմակերպություններին մրցակցային առավելությամբ արագ զարգացող միջազգային հետազոտական տարածքում։
Դասընթացը կանցկացվի 2025 թվականի հունիսի 9-ից 12-ը և 16-ից 19-ը (երկուշաբթիից հինգշաբթի)՝ ժամը 14։00-17։00-ն (Երևանի ժամանակով)։
Մասնակցության պայմաններին, ինչպես նաև հասանելի աջակցության մասին կարող եք տեղեկանալ գրանցվելով հետևյալ հղմամբ՝ https://forms.office.com/e/nh40HEurWV։
Գրանցման վերջնաժամկետը 2025 թվականի մայիսի 21-ն է։ Հայտերի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 12:00-ին։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ էլ․ հասցեով՝ Marina.Soghomonyan@britishcouncil.org։
Ծրագրի մանրամասներ և դասընթացավարների մասին տեղեկություններ
Միաժամանակ, հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 3-ից 14-ը «Researcher Connect» մասնագիտական առցանց առաջին դասընթացին մասնակցել են հայաստանյան 25 հետազոտողներ՝ ավելի քան 10 բուհերից և գիտահետազոտական կազմակերպություններից։ Մասնակիցների ընտրությունն անցկացվել է բարձր մրցակցային պայմաններում. շուրջ 100 հայտերից ընտրվել են լավագույն 25-ը։
Առաջին դասընթացի փակման հանդիսավոր արարողության ընթացքում, որը տեղի ունեցավ փետրվարի 18-ին ՄԹ դեսպան Ջոն Գալագերի նստավայրում, մասնակիցները կիսվեցին մասնագիտական ինտենսիվ դասընթացից ստացված իրենց տպավորություններով, ոգևորությամբ ու նորարական գաղափարներով, ինչպես նաև հնարավորություն ստացան ամրապնդելու դասընթացի ընթացքում ձևավորված նոր համագործակցային կապերը։