Հանդիպում՝ Գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության մրցույթի պայմանների վերաբերյալ
Մայիսի 7-ին ՀՀ գիտության կոմիտեում տեղի ունեցավ Գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը նախ տեսաշարի միջոցով ներկայացրեց մրցույթի մանրամասները, այնուհետև պատասխանեց ներկաների հարցերին:
Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպվել է ս.թ. ապրիլի 8-ի ՀՀ կառավարության որոշմամբ գիտության կոմիտեին տրամադրված միջոցների շրջանակներում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 25-ն է:
Ստորև ներկայացվում են հանդիպման ժամանակ հնչած հարցերն ու դրանց պատասխանները.
Հարց. Կարո՞ղ է մի կազմակերպությունում գրանցված անձը հայտ ներկայացնել՝ այլ կազմակերպությունում խումբ/լաբորատորիա հիմնելու համար:
Պատասխան. Այո, խմբի ղեկավարը կարող է դիմել ոչ միայն իր ներկայացրած, այլև այլ կազմակերպությունում խումբ/լաբորատորիա հիմնելու համար: Վերջին կազմակերպությունը նույնպես պետք է լինի ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող և իր կազմում խումբ/լաբորատորիա ստեղծելու պատրաստ լինի:
Հարց. Դրամաշնորհ ստացող անձը թեմայի իրականացման ընթացքում շարունակելու՞ է բազային ֆինանսավորման ծրագրով աշխատել կազմակերպությունում:
Պատասխան. Մրցույթի պայմաններում այդ առումով սահմանափակումներ չկան, կազմակերպության հայեցողությամբ խմբի անդամը կարող է շարունակել աշխատել նաև բազային ֆինանսավորման ծրագրով:
Հարց. Կարո՞ղ է թեմայի ղեկավարը դառնալ թեմայի իրականացման արդյունքում կազմակերպությունում ձևավորվող նոր գիտական խմբի/լաբորատորիայի/բաժնի անդամ, այլ ոչ թե ղեկավար:
Պատասխան. Ոչ:
Հարց. Հայտը գնահատելիս արդյո՞ք հաշվի կառնվեն մրցույթի պահանջներում չնշված այլ հանգամանքներ, ինչպես, օրինակ, որ կազմակերպությունը պատրաստ է համաֆինանսավորել խմբի/լաբորատորիայի ստեղծման աշխատանքները, կամ, որ խումբը նույն թեմայի համար դրամաշնորհ ստանալու նպատակով դիմել է նաև միջազգային կազմակերպությունների:
Պատասխան. Հայտերի գիտական փորձաքննության ժամանակ գնահատվելու են միայն մրցույթի հրավերով պահանջվող կետերը, նշված հանգամանքները հաշվի կառնվեն հայտերի գնահատման հարցազրույցի փուլում:
Հարց. Կարո՞ղ են խմբում ընդգրկվել ուսանողներ կամ բարձրագույն կրթություն չունեցող լաբորանտներ:
Պատասխան. Խմբի կատարողները պետք է լինեն առնվազն մագիստրատուրայի (հնգամյա կրթության դեպքում՝ 5-րդ կուրսի) ուսանող կամ դիպլոմավորված մասնագետ (բակալավրի աստիճան ունեցող անձը չի կարող ընդգրկվել խմբում):
Հարց. Կարո՞ղ են արդյոք Կոմիտեի երկու այլ մրցույթներում ներգրավված անձինք դիմել այս մրցույթին:
Պատասխան. Կարող են, բացառությամբ այն դեպքերի, եթե 2020 թ. հուլիսի 16-ին հայտարարված «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» և «Գիտական խմբերի մեկնարկի աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթների շահառուներ են կամ 2021 թ. ապրիլի 27-ին հայտարարված և դեռևս հայտերի ընդունման փուլում գտնվող Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի հայտատուներ: Նշված դեպքերում հայտերի և հաշվետվությունների ընդունման https://grants.scs.am/ համակարգը գրանցման հնարավորություն չի տա: Խմբի անդամները և ղեկավարը նաև չեն կարող ընդգրկվել այս մրցույթին ներկայացված մեկից ավելի հայտերում:
Հարց. Կարո՞ղ են, արդյոք, մրցույթին ներկայացվել պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթներին ներկայացված թեմաները։
Պատասխան. Ոչ, մրցույթին ներկայացված հայտը չի քննարկվում, եթե միաժամանակ ներկայացված է Կոմիտեի կողմից անցկացվող այլ մրցույթների, և եթե բովանդակությամբ համընկնում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կամ ֆինանսավորված որևէ այլ թեմայի/ծրագրի հետ: Բացի այդ, այս մրցույթի արդյունքում ստեղծված/ամրապնդված խմբերը, լաբորատորիաներն ու բաժինները դրամաշնորհի ավարտից հետո ևս շարունակելու են իրենց գործունեությունը, հետևաբար՝ այստեղ ներկայացվող թեմաները պետք է լինեն ավելի ընդգրկուն և երկարատև հետազոտման ենթակա, ինչպես նաև, ինչպես նշված է մրցույթի հրավերում՝ հավակնոտ, բեկումնային և իրագործելի:
Հարց. Արդյո՞ք նախատեսվում է աշխատանքի վարձատրություն օտարերկրյա գործընկերոջ համար:
Պատասխան. Ոչ, օտարերկրյա գործընկերը չի հանդիսանում խմբի անդամ և նրա համար աշխատանքի վարձատրություն չի նախատեսվում։ Դրամաշնորհի շրջանակներում գումար կարող է օգտագործվել գործընկերոջ՝ Հայաստան այցելության կամ այցելությունների (3 տարվա մեջ՝ առնվազն 15 օր) գործուղման ծախսերը հոգալու համար:
Հարց. Միջազգային գործընկերոջ հետ համատեղ գիտաժողովներին, այդ թվում՝ առցանց, մասնակցությունը կարո՞ղ է համարվել մրցույթի հրավերի 2.15 կետով սահմանված պահանջի կատարում:
Պատասխան. Ոչ, նշված կետի պահանջով՝ թեմայի իրականացման ամբողջ ժամանակահատվածում (36-ամսյա կտրվածքով) գործընկերը պետք է ընդհանուր առմամբ առնվազն 15 օր գտնվի ՀՀ-ում, ինչպես նաև ընդհանուր առմամբ առնվազն 15 օր իր ներկայացրած գիտական կազմակերպությունում ընդունի խմբի անդամներից մեկին կամ մի քանիսին: Այցելությունների քանակը, տևողությունը և գործուղվող անդամների թիվը կողմերի հայեցողությամբ է: Կողմերի գիտական կազմակերպություններից դուրս տեղի ունեցած կամ առցանց անցկացված գիտաժողովներին մասնակցությունը փոխադարձ այցելություն չի համարվի:
Հարց. Արդյո՞ք թեմայի օտարերկրյա գործընկերը կարող է միաժամանակ լինել Կոմիտեի կողմից ֆինանսավորվող այլ թեմայի կամ նախագծի օտարերկրյա խորհրդատու:
Պատասխան. Այո, կարող է:
Հարց. Թեմաներում փորձարարական բաղադրիչի մեծ լինելու դեպքում հնարավո՞ր է ավելի մեծ միջոցներ ուղղել սարքերի և նյութերի ձեռքբերմանը:
Պատասխան. Թեմայի մեկնարկային տարվա ֆինանսավորման նախահաշվում «Այլ ծախսեր» հոդվածի «Գիտական խմբի մեկնարկի կամ լաբորատորիայի (բաժնի) ամրապնդում» ենթահոդվածով մինչև 10 մլն ՀՀ դրամ նախատեսված է տարածքի կահավորմանն ու նյութերի ու սարքավորումների ձեռքբերմանը: Բացի այդ, խմբի անդամների աշխատանքի վարձատրության գումարը 200 հազար ՀՀ դրամից պակաս նախատեսելու դեպքում տարբերությունը նույնպես կարող է օգտագործվել նախահաշվի «Այլ ծախսեր» հոդվածում:
Հարց. Թեմայի նախահաշվով կարելի՞ է գումար նախատեսել Open access ամսագրերում գիտական հոդվածների տպագրության համար:
Պատասխան. Ոչ:
Հարց. Արդյո՞ք կրթական կամ ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված միջազգային դրամաշնորհները հաշվի կառնվեն հրավերի 4.1. կետով պահանջվող արդյունքը գնահատելիս (15 մլն ՀՀ դրամը գերազանցող միջազգային գիտական դրամաշնորհի առնվազն մեկ դիմում):
Պատասխան. Ոչ, կդիտարկվեն միայն գիտական դրամաշնորհների դիմումները:
Հարց. Նախատեսվո՞ւմ է արդյոք մրցույթի արդյունքների բողոքարկման փուլ:
Պատասխան. Ոչ, բողոքարկման փուլ նախատեսված չէ: