Համագործակցային կապերի ամրապնդում Լոնդոնի համալսարանական քոլեջի հետ



Հոկտեմբերի 7-ից 10-ը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն այցելել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ աշխարհի լավագույն համալսարանների տասնյակում ընդգրկված Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հետ ակադեմիական ոլորտում համագործակցային կապերի ամրապնդման նպատակով:
Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի աջակցությամբ կազմակերպած ճանաչողական այցին հայաստանյան պատվիրակության կազմում մասնակցել են նաև Ակադեմիական քաղաք հիմնադրամի և հայաստանյան երեք բուհերի (Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի) ներկայացուցիչներ:
Այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) կրթության և հասարակության ֆակուլտետի (IOE) ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Կրթական կլաստերի ձևավորման նպատակով փորձի փոխանակման և համագործակցության զարգացման հնարավորությունները:
Քննարկումների արդյունքում՝ հոկտեմբերի 8-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ու Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության և հասարակության ֆակուլտետի տնօրեն և դեկան, պրոֆ. Լի Ուեյը կնքեցին Մտադրությունների նամակ, որի նպատակներն են.
- կողմերի միջև համագործակցային կապերի ամրապնդում,
- փորձի փոխանակում և խորհրդատվություն՝ բուհերի խոշորացման մոդելների վերաբերյալ,
- կրթական բովանդակության ձևավորում և գնահատում,
- ակադեմիական անձնակազմի մասնագիտական վերապատրաստում,
- հետագայում գիտելիքների փոխանակման, ակադեմիական համագործակցության և համատեղ այլ գործունեության նպատակով երրկկողմ համաձայնագրերի կնքման համար հիմքի ապահովում:
Հիշեցնենք, որ սա Միացյալ Թագավորության առաջատար բուհերի հետ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցության հաստատման արդեն երկրորդ օրինակն է: Մասնավորապես, 2023թ. նոյեմբերի 7-8 հայաստանյան պատվիրակության՝ ՄԹ կատարած ճանաչողական այցի արդյունքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Լոնդոնի արվեստի համալսարանի պրոռեկտոր, Central Saint Martins քոլեջի տնօրեն Ռաթնա Ռամանաթանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ բարձրագույն կրթության ոլորտում լավագույն փորձի փոխանակման և ՀՀ-ում Ակադեմիական քաղաքի արվեստի կլաստերի հայեցակարգի իրագործմանն աջակցության նպատակով: