ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կկազմակերպվեն նաև կենսաբանական և քիմիական կոլոքվիումներ

11.01.2022

ՀՀ գիտության կոմիտեի աջակցությամբ կազմակերպվող ֆիզիկական կոլոքվիումի ձևաչափով առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նաև հանդիպումներ՝ կենսաբանության և քիմիայի ոլորտների համար: Հանդիպումների նպատակն է տարբեր գիտական կենտրոններում աշխատող նույն ոլորտի մասնագետների միջև համագործակցության խթանումը, ոլորտում առկա խնդիրների քննարկումը, ինչպես նաև երիտասարդ կադրերի ներգրավումը՝ ուսանողներին ու ասպիրանտներին հանդիպումներին մասնակից դարձնելու միջոցով:

 

Կենսաբանական կոլոքվիումի առաջին հանդիպումը տեղի կունենա ս.թ. հունվարի 20-ին, ժամը 13:30-ին, ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում: Ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը հանդես կգա «Թունաբանություն, զարգացման միտումներն ու հեռանկարները» թեմայով:

 

Իսկ ֆիզիկական կոլոքվիումի առաջիկա՝ երրորդ հանդիպումը կկայանա ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ հունվարի 26-ին, ժամը 15:00-ին: «Ածխածնային և մետաղ-ածխածնային նանոկառուցվածքների սինթեզը և կիրառության ոլորտները» թեման կներկայացնի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Մանուկյանը:

 

Հիշեցնենք, որ հանդիպումների հիմնական համակարգողն է ֆիզիկոս Միքայել Խանբեկյանը (m.khanbekyan@ipr.am), որն աշխատում է Գիտության կոմիտեում՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում:  Կազմակերպվող հանդիպումների մասին կարելի է տեղեկանալ «Գիտական միջոցառումներ» բաժնից՝  http://scs.am/am/sci-events հղումով: