ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Երկու տարին մեկ անգամ կանցկացվեն հայ-վրացական համատեղ գիտական նախագծերի աջակցության մրցույթներ

15.06.2023

Հունիսի 7-ին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի միջև ստորագրվել է «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» ծրագիր: Ծրագրով հստակեցվում և ամրապնդվում են 2022 թ. հոկտեմբերի 20-ին կողմերի միջև ստորագրված մտադրությունների հուշագրի դրույթները:

Ծրագրով նախատեսվում է համատեղ հետազոտական և մշակումների նախագծերի իրականացում, ներառյալ հետազոտության արդյունքների, գիտնականների և մասնագետների փոխանակում, համագործակցություն Եվրոպական միության ծրագրերի շրջանակում («Հորիզոն Եվրոպա», «Էրազմուս պլյուս») և այլն:

Համատեղ հետազոտական և մշակումների ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ գիտության կոմիտեն և Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամը երկու տարին մեկ անգամ կհայտարարեն գիտական նախագծերի աջակցության մրցույթ, որի արդյունքում կֆինանսավորվեն տարեկան մինչև 5000 ԱՄՆ դոլարին համարժեք բյուջեով երկամյա նախագծեր:

Ծրագրի շրջանակում առաջին մրցույթը կհայտարարվի առաջիկա ամիսներին: