Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը Դավոսում քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր



Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել հայազգի անվանի գիտնական, մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արտեմ Փաթափությանի հետ, ով 2021 թվականին արժանացել է Ֆիզիոլոգիայի և բժշկության գծով Նոբելյան մրցանակի՝ շոշափական և ջերմազգաց ընկալիչների ուսումնասիրման և կատարված բացահայտումների համար:
Վարչապետը բարձր է գնահատել պարոն Փաթափությանի բացառիկ ներդրումն ու գիտական ձեռքբերումները համաշխարհային գիտության ոլորտում՝ ընդգծելով, որ գիտության և կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։
Վարչապետը նշել է, որ կարևոր է մեր հայրենակիցների ներուժի ներգրավումը գիտության զարգացման գործում և հավելել, որ Կառավարությունը շարունակաբար ավելացնում է գիտության ոլորտի ֆինանսավորումը՝ խթանելու նորարարական գաղափարների և ծրագրերի իրականացումը։
Արտեմ Փաթափությանն իր հերթին նշել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է տարբեր տեխնոլոգիական ընկերություններում և ծանոթացել գիտության ոլորտում առկա ներուժին։ Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ Կառավարությանը գիտության և նորարարության զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործման հարցում։
Հիշեցնենք, որ հայազգի գիտնականը Հայաստան է այցելել «Գիտության և գործարարության օրեր 2022» միջոցառման շրջանակներում՝ Նոբելյան մրցանակի կրկնօրինակը նվիրելով Հայաստանի պատմության թանգարանին։ Հայաստան այցի շրջանակներում, Արտեմ Փաթափությանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով՝ կենսաբանության բնագավառում ձեռք բերված ակնառու նվաճումների, բժշկագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Աղբյուրը՝ www.primeminister.am