ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան` Յուրի Հովհաննիսյանին

24.09.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ակնառու նվաճումների համար համար: 

Աշխարհահռչակ հայորդուն շքանշանը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այս օրերին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովի ընթացքում:

Մեծանուն ֆիզիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ,  Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ՄՀՄԻ միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը մեր օրերում գործող խոշորագույն գիտնականներից է, ում անունը համեմատելի է Էյնշտեյնի, Կուրչատովի և գիտական այլ հսկաների անվան հետ:

Յուրի Հովհաննիսյանի աշխատանքները վերաբերում են փորձարարական միջուկային ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային։ Ավելի քան 60 տարի նրա գիտական գործունեությունը կապված է Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ: Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել են այդ տարրերի հատկությունների հետազոտման փորձարարական ինքնատիպ կայանքներ։ Յուրի Հովհաննիսյանը նոր տարրերի (104-118 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված երկու տասնյակից ավել հայտնագործությունների հեղինակ և համահեղինակ է։

Յուրի Ցոլակի Հովհաննիսյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ 2016 թվականին՝ ՀՀ Պատվո շքանշանի, 2017 թ.` ՌԴ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշանի, 2018 թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալի, նույն թվականին` ՌԳԱ Լոմոնոսովի անվան Մեծ մեդալի և այլն:

2018 թ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն:

Մերօրյա մեծանուն հայ գիտնականի պատվին՝ 2016 թ. նոյեմբերին Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ տարրն անվանվել է Oganesson (Og): Առ այսօր նման պատվի իր կենդանության օրոք արժանացել է ընդամենը երկու գիտնական:

 

Իր հարուստ, բովանդակալից կյանքի ողջ ընթացքում ակադեմիկոս Հովհաննիսյանը կապված է եղել Հայաստանի գիտական աշխարհի հետ, եղել  ու մնում է կենդանի կամուրջ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և Հայաստանի ֆիզիկոսների միջև, հսկայական ավանդ ունի Հայաստանում միջուկային ֆիզիկայի  մասնագետների մի քանի սերունդների կայացման շնորհակալ գործում: