ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հանրային լսում՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ

27.09.2024

Սեպտեմբերի 27-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի ունեցավ հանրային լսում՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում գործող պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական և ոչ պետական գիտահետազոտական կազմակերպությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև ոլորտի այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկայացնելով նոր օրենքի նախագծի հիմնական դրույթները՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշել է, որ վերջինս, ի թիվս այլնի, կնպաստի.

- կրթության և գիտության ոլորտում ներգրավված դերակատարների ակադեմիական ազատությունների և ինքնավարության երաշխավորմանը, այդ թվում՝ կառավարման ուղղահայաց ոչ ներառական մոդելից հորիզոնական բազմամասնակցային համակարգին անցում կատարելու միջոցով,

- բուհական և գիտական համակարգերում շարժունության ապահովմանը, այդ թվում նաև՝ ժամանակակից և համադրելի ընթացակարգերի սահմանմամբ,

- ուսանողների համար լավագույն կրթության և համանման կրթական փորձառության ապահովմանը,

- նոր գիտելիքի ստացմանը նպաստող հետազոտական և փորձարարական առավել մրցունակ միջավայրի ձևավորմանը,

- հետազոտությունների՝ սոցիալ-տնտեսական առավելագույն ազդեցության մեխանիզմների ներդրմանը,

- հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավմանը և սերնդափոխության արդյունավետ գործիքակազմի կիրառմանը:

Հայոցյանն առանձին անդրադարձ կատարեց օրենքի նախագծի հիմնական փոփոխություններին՝ ըստ շահառուների հիմնական խմբերի, մասնավորապես՝ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական /ակադեմիական/ անձնակազմ, պետական, միջպետական և ոչ պետական բուհեր, գիտական կազմակերպություններ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա:

Բացի այդ, անդրադարձ կատարվեց նաև այնպիսի առանցքային հարցերի, ինչպիսիք են՝ բարձրագույն կրթության ոլորտի որակի երաշխավորումը և վերահսկողությունը, լիցենզավորման և հավատարմագրման գործընթացները, բարձրագույն կրթության երրորդ մակարդակի համապատասխանեցումը միջազգային արդի պահանջներին,  բուհերի և գիտական կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևը, կառուցվածքը, կառավարման մոդելը, ֆինանսավորման մեխանիզմները, գիտական փորձաքննությունը, արտաքին գնահատումը, թվային նոր գործիքների ներդրումը և նոր օրենքով կարգավորվող այլ հիմնական դրույթներ:

Նոր օրենքի համատեքստում՝ ներկայացվեցին նաև Ակադեմիական քաղաքին վերաբերող կարգավորումները:

Հանրային լսման մասնակիցները հարցեր ուղղեցին նախագծի վերաբերյալ, որոնք մեծապես վերաբերում էին բուհերի հավատարմագրման նոր պահանջներին, նրանց կազմակերպաիրավական ձևին, Ակադեմիական քաղաքի հայեցակարգին, մարզային բուհերի գործունեությանը, նախագծում ներկայացված սահմանումների մեկնաբանությանը, գիտահետազոտական ինստիտուտների ինքնավարությանը և այլ հարցերին:

Հիշեցնենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից այլ օրենքների նախագծերի փոփոխություններն ու լրացումները նախաձեռնել և ս.թ. սեպտեմբերի 16-ին հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Օրենսդրական փոփոխությունները միտված են բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքի ապահովմանը՝ ի թիվս այլնի նպաստելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախների իրականացմանը:

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7684 կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@hesc.am):