ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտական նստաշրջան՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին

27.11.2019

Սույն թվականի նոյեմբերի 29-ին  ժամը 11.00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24) տեղի կունենա «Կոմիտաս–150» գիտական նստաշրջանի բացումը և լիագումար նիստը:

Նստաշրջանը կազմակերպվել է ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: Կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Երկօրյա գիտական նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն հանրապետության առաջատար մասնագետներ` երաժշտագետներ, գրականագետներ, արվեստաբանության և ճարտարապետագիտության ներկայացուցիչներ:

Գիտաժողովի ավարտին՝ նոյեմբերի 30-ին,  տեղի կունենա Արարատ Աղասյանի  «Կոմիտասը հայ նկարիչների և քանդակագործների աչքերով (կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակի առթիվ)» պատկերագրքի շնորհանդեսը:

Գիտական նստաշրջանը կեզրափակվի դեկտեմբերի 1-ին՝  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հոբելյանական համերգով` Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ`  ՀՀ ազգային հերոս,  պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, արվեստագիտության թեկնածու Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

 

Գիտաժողովի ծրագիրը