ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հանդիպում «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ազգային կոնտակտային անձանց հետ

30.11.2023
image description

2023թ. նոյեմբերի 30-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում Եվրահանձնաժողովի հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինության ԵՀՔ (Եվրոպական հարևանության քաղաքականության) թիմի ղեկավար տիկին Սիլվիա Բոժինովայի և «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հայաստանյան ազգային կոնտակտային անձանց մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց  «Հորիզոն Եվրոպա» ծրագրի իրականացման ընթացքին, հիմնական մարտահրավերներին և խնդիրներին, հայաստանյան գիտական խմբերի մասնակցությունը խթանող գործիքկազմին և միջոցառումներին:

Բարձր գնահատելով տիկին Բոժինովայի աջակցությունը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ ասոցացման գործընթացի կազմակերպման աշխատանքներին՝ Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշեց, որ Կոմիտեի առաջնահերթություններից են հայ գիտնականների մրցունակության բարձրացումը և միջազգային խոշոր գիտական դրամաշնորհներին ներկայացված դիմումների հաջողության գործակցի աճը:

Տիկին Բոժինովան ներկայացրեց «Հորիզոն Եվրոպա» ծրագրին հայաստանյան գիտնականների մասնակցությունը խթանելու նպատակով անցկացվող անցանց տեղեկատվական հանդիպումները (հաջորդ տեղեկատվական միջոցառումը տեղի կունենա ս.թ. դեպտեմբերի 6-ին) և հայտադիմումների նախապատրաստման վերաբերյալ եվրոպական փորձագետների հետ անհատական խորհրդատվական հանդիպումներ (այդ թվում նաև՝ առցանց) կազմակերպելու հնարավորությունը՝ առաջարկելով ազգային կոնտակտային անձանց տեղեկատվությունը փոխանցել հնարավոր շահառուներին:

Հանդիպման ընթացքում ազգային կոնտակտային անձինք ներկայացրեցին իրենց համակարգման ոլորտներում առկա հիմնական խնդիրները, և քննարկվեցին դրանց հնարավոր լուծումները:

Հայաստանն անդամակցել է 2021-2027թթ. «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին 2021թ. նոյեմբերի 12-ի ՀՀ և ԵՄ միջև կնքված համաձայնագրի հիման վրա, որով հայաստանյան գիտական համայնքին հնարավորություն է ընձեռվել օգտվելու ԵՄ ամենամեծ՝ 95,5 մլրդ եվրո ֆինանսավորում ունեցող, և շուրջ 70 երկրներ ընդգրկող գիտական համագործակցության ծրագրի հնարավորություններից: 2021-23 թվականների ընթացքում Հայաստանյան գիտական համայնքը ներկայացրել է թվով 67 նախագիծ՝ ստանալով ընդհանուր 3.3 միլիոն եվրո արժողությամբ դրամաշնորհներ: