Վարձավճարի աջակցություն 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված, ՀՀ պետական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին
Ծրագրի մասին
Ծրագրով սահմանվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ընթացակարգը։
Ովքե՞ր կարող են դիմել
Ծրագրի շահառուներն են.
1. 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունների (պետական կամ մասնավոր) սովորող հանդիսացող և համապատասխան մասնագիտություններով (կրթական ծրագրերով) ՀՀ պետական ուսումնական հաստատություններում (նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում/մասնաճյուղերում) առկա համակարգում սահմանված կարգով հրամանագրված/ տեղափոխված ուսանողները, որոնք փոխադրվել են 2024-2025 ուստարի:
2. Սովորողներին 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար կրթաթոշակը տրվում է նախորդ ուսումնական տարվա արդյունքում միջին որակական գնահատականի 75.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատությի պարագայում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքում 50 տոկոսից ոչ պակաս «գերազանց» և «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:
Նշված կարգով սահմանված կրթաթոշակը չի տրվում, եթե`
- սովորողը տեղափոխվել է այլ ՈՒՀ կամ սահմանված կարգով փոխել է կրթական ծրագիրը կամ ՈՒՀ-ց հեռացվել (ազատվել է),
- սովորողն ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է ստանում այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից:
Դիմելու կարգ
Ծրագրի շրջանակում անհրաժեշտ է.
- Դիմել պետական ուսումնական հաստատությանը՝ Ձեր մասնագիտությամբ (եթե այդպիսին չի իրականացվում, ապա հարակից մասնագիտությամբ) ուսումը շարունակելու համար՝ ներկայացնելով հնարավոր ամբողջական տեղեկատվությունը և փաստաթղթերը։
Ուսումնական հաստատությունը ներգրավում է Ձեզ համապատասխան կրթական ծրագրի դասապրոցեսում, եթե՝
- տվյալ կրթական ծրագրում լրացուցիչ սովորողների ներգրավման համար առկա են ֆիզիկական անհրաժեշտ պայմաններ,
- եթե կարգով սահմանված կրթաթոշակի առավելագույն չափը բավարարում է տվյալ ուսումնական հաստատությունում տվյալ կրթական ծրագրով ուսումնական պրոցեսում ներգրավվելու համար,
- հակառակ պարագայում Դուք կարող եք դիմել նույն ծրագիրն իրականացնող այլ պետական ուսումնական հաստատություն կամ ուսհաստատության մասնաճյուղ ՀՀ այլ քաղաքներում:
1. Ուսումնական պրոցեսում Ձեր ներգրավմանը զուգընթաց՝ պետական ուսումնական հաստատությունը կազմակերպում է Ձեր տեղափոխության փաստաթղթավորումը՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով այլ մարմինների հետ:
2. Պետական ուսումնական հաստատությունը կազմում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է տրամադրում կրթաթոշակի շահառուների անվանացանկը՝ նշելով վերջիններիս տվյալները։
3. Նախարարությունը ստուգում է անվանացանկերը, համադրում Միասնական սոցիալական ծառայության գրանցամատյանների և ԼՂ համապատասխան ուսհաստատությունից ստացված տվյալների հետ՝ ըստ անհրաժեշտության ճշգրտելով կամ լրացնելով:
4. Ճշգրտված անվանացանկերի հիման վրա՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցները փոխանցվում են ուսումնական հաստատության հաշվին:
5. Ուսանողը և պետական ուսումնական հաստատությունը կնքում են պայմանագիր՝ հատկացված կրթաթոշակի միջոցներով 2023-2024 ուստարվա ուսման վարձի փոխհատուցմանն ուղղելու մասին:
Անհրաժեշտ փաստաթղթեր
Դիմում՝ ուղղված պետական ուսումնական հաստատությանը։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ
ՀՀ Կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 1762-Լ որոշում,
Մանրամասներ՝ http://hesc.am/am/26-09-24
Հեռ.՝ (+374) 10-210140 /110/