ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե


Վարձավճարի աջակցություն մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ը ԼՂ-ից բռնի տեղահանված, ՀՀ պետական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվում Լեռնային Ղարաբաղի՝ ՀՀ պետական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023թ․ սեպտեմբերի 19-ն ընդգրկված և 2024-2025 ուստարի փոխադրված սովորողներին, ինչպես նաև 2024-2025 ուստարում առկա համակարգում առաջին կուրս ընդունված սովորողներին՝ մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը:

Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով և պայմաններով.

1. 2023-2024 ուսումնական տարվա, ինչպես նաև 2024-2025 ուսումնական տարում արհեստագործական, միջին մասնագիտական, բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սահմանված կարգով առաջին կուրս ընդունվածներին 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական գնահատականից կամ առաջադիմությունից, առաջին կուրսում սովորողների պարագայում՝ ընդունելության արդյունքներից,

2. 2023-2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի և 2024-2025 ուսումնական տարվա համար՝ տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ նախորդ կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ նախորդ կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և «լավ» գնահատականներ ունենալու դեպքում,

3. 2025-2026 ուսումնական տարվանից սկսած և հետագա ուսումնառության ընթացքում, մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ նախորդ կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 75.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ նախորդ կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:

 

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառուներն են՝

1. 2023թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ սահմանված կարգով ՀՀ նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ըստ համապատասխան կրթական աստիճանների կամ ծրագրերի վճարովի համակարգում հրամանագրված, 2024-2025 ուստարի փոխադրված ուսանողները,

2. 2024-2025 ուսումնական տարում նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում առաջին կուրս ընդունված՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների սովորողները:

- Նշված կարգով սահմանված փոխհատուցումը չի տրվում, եթե`

1. սովորողը տեղափոխվել է այլ ՈՒՀ կամ սահմանված կարգով փոխել է կրթական ծրագիրը կամ ՈՒՀ-ից հեռացվել (ազատվել) է,

2. սովորողն ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է ստանում այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից:

 

Դիմելու կարգ

Փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է դիմել պետական ուսումնական հաստատություն: Պետական ուսումնական հաստատությունը կազմում և ՀՀ ԿԳՄՍՆ է տրամադրում կրթաթոշակի շահառուների անվանացանկը։ Նախարարությունը ստուգում է անվանացանկերը, ճշգրտում Միասնական սոցիալական ծառայության գրանցամատյանների հետ։ Ճշգրտված անվանացանկերի հիման վրա անհրաժեշտ ֆինանսական միջոցները փոխանցվում են ուսումնական հաստատության հաշվին: Ուսանողը և պետական ուսումնական հաստատությունը կնքում են պայմանագիր՝ ուսման վարձի փոխհատուցման գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Դիմում՝ ուղղված պետական ուսումնական հաստատությանը։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ Կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2291-Լ որոշում,

Մանրամասներ՝ http://hesc.am/am/26-09-24

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, հեռ.՝ (+374) 10-210140 /110/