ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայաստանում կստեղծվի ևս 18 հեռավար գիտական լաբորատորիա. միջազգային մրցույթի արդյունքները ամփոփվել են

02.09.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։

Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 18 գիտական թեմա։ Թեմաների իրականացման համար արտերկրի ղեկավարից և 2-5 անդամից բաղկացած գիտահետազոտական խմբերն ունեն 5 տարի ժամանակ։

Առաջին 2 տարվա ընթացքում կազմակերպությունում, որտեղ աշխատելու են տվյալ գիտական խմբերը, կձևավորվեն նոր գիտական ստորաբաժանումներ՝ հեռավար լաբորատորիաներ, ինչն էլ հենց մրցույթի հիմնական նպատակներից է։

Միաժամանակ, մրցույթը կնպաստի ներպետական և միջազգային համագործակցության խթանմանը, Սփյուռքի գիտական ներուժի ներգրավմանը, երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների ներգրավմանը, միջազգային հետազոտական միջավայրին երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը և այլն:

Սույն մրցույթը անցկացվում է արդեն երրորդ անգամ․ նախկինում հայտարարված ու ամփոփված մրցույթների արդյունքներով ընտրվել էին համապատասխանաբար 15 և 18 գիտական թեմաներ։

Յուրաքանչյուր նախագծի ֆինանսավորման ընդհանուր առավելագույն չափը կազմել է 130 մլն դրամ:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն շնորհավորում է բոլոր շահառուներին ու մաղթում արդյունավետ աշխատանքային ընթացք։