Մրցույթի արդյունքում կֆինանսավորվի 42 թեմա
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. սեպտեմբերի 29-ի N 2026-Ա/2 հրամանով «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 42 գիտական թեմա:
Հիշեցնենք, որ թեմայի 12-ամսյա ֆինանսավորման առավելագույն ծավալը 3 միլիոն 200 հազար դրամ է, որի շրջանակներում ասպիրանտների ու հայցորդների աշխատանքի ամսական վարձատրության չափը սահմանված է մինչև 150 հազար դրամ, իսկ գիտական ղեկավարինը՝ մինչև 50 հազար դրամ: Մնացած գումարը կարող է ուղղվել հետազոտությունների ընթացքում օգտագործվող գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերմանը կամ արտերկրում գիտական միջոցառումներին մասնակցությանը:
Թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2023 թ. հոկտեմբերից:
Ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը
Ուշադրություն.
Անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 6-ը կոմիտեի հետ կնքել ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրեր (3 օրինակից)՝ ներկայացնելով նաև կազմակերպության հետ թեմայի ղեկավարի և վերջինիս գիտական ղեկավարի կնքած պայմանագրերի պատճենները: Պայմանագրերը (ներառյալ Առաջադրանքն ու Օրացուցային պլանը) թեմայի ղեկավարները պետք է ներբեռնեն Կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգից (https://grants.hesc.am): Կազմակերպության կողմից ներկայացվող բոլոր փաստաթղթերը, մեկ ընդհանուր փաթեթով, ներկայացնում է կազմակերպության լիազորված անձը (գիտական քարտուղար կամ այլ)՝ առձեռն: